Դոնալդ Թրամփի վարչակազմի երկու ազդեցիկ գործիչներ՝ արդարադատության նախարար Ջեֆ Ստեշնսը և ազգային անվտանգության հարցերով արդեն նախկին խորհրդական Մայքլ Ֆլինը հայտնվեցին բարդ իրավիճակում, երբ հայտնի դարձան նրանց շփումները ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ: Ո՞վ է նա:
Սերգեյ Կիսլյակը կարիերային դիվանագետ է, նրա դիվանագիտական գործունեությունը Վաշինգտոնում սկսվել է դեռ սառը պատերազմի տարիներին: ԱՄՆ-ում ՌԴ դեսպանը ճանաչված դեմք է դիվանագիտական ասպարեզում: Նա հայտնի է քաղաքավարի, բայց համառ ռուսական շահերն առաջ մղելու իր ունակությամբ: ԱՄՆ քաղաքական իստեբլիշմենտում ֆուրոր առաջացրել է ոչ այնքան նրա հետ երկու հանրապետականների հեռախոսային խոսակցությունների կամ հանդիպումների փաստը, որքան այն, որ նրանք հիմա իբր չեն հիշում, թե ինչ են խոսել Կիսլյակի հետ:
Արդարադատության նախարար Ջեֆ Սեշնսը ինքնամեկուսացել է ԱՄՆ նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության վկայությունների ՀԴԲ-ի հետաքննությունից: Նա հարկադրված էր այդպես վարվել, որովհետև լռել էր Սերգեյ Կիսլյակի հետ երկու հանդիպումների մասին, երբ Կոնգրեսում իր թեկնածության քննարկման ժամանակ պատասխանում էր հարցերին: Նա հերքում է մեղադրանքը, որ փորձել է կոնգրեսականներին մոլորեցնել: Մայքլ Ֆլինը ավելի շատ տուժեց՝ նա հարկադրված էր հրաժարական տալ անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից: Պատճառը՝ Սպիտակ տնից թաքցրել է Կիսլյակի հետ իր խոսակցությունները: Կասկածներ կան, որ այդ զրույցների թեմաներից մեկը եղել է ՌԴ-ից ԱՄՆ պատժամիջոցների հնարավոր վերացումը: Սերգեյ Կիսլյակին համարում են մարդ, որ կարող է սիրալիր, բայց կոշտ բանակցել և պահպանել օգտակար կապերի ու ծանոթությունների մեծ շրջանակ: «Նրան դուր է գալիս անդրկուլիսյան աշխատանքը: Նա քաղաքական գործիչ չէ, նա պրոֆեսիոնալ դիվանագետ է»՝ ABC News հեռուստաալիքին պատմել է Մոսկվայում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Բայերլին (2008-12): «Նա շատ խելացի է, շատ փորձառու, միշտ լավ պատրաստված»՝ New York Times-ի հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալ Նիկոլաս Բերնսը, որ ՄԱԿ-ում բանակցել է Սերգեյ Կիսլյակի հետ, երբ քննարկվում էր Իրանից պատժամիջոցները հանելու հարցը: «Բայց նա կարող է լինել ցինիկ և հաստակող, երբեմն նրա հետ հեշտ չէ պայմանավորվել,- հավելել է Բեռնսը: -Նա սովետական մենթալիտետ ունի: Նա շատ ագրեսիվ էր ԱՄՆ-ի նկատմամբ»:
Կիսլյակը Մոսկվայում է ծնվել, ծնողները, ինչպես ինքն էր պատմում, ՈՒկրաինայից են, ավարտել է ինժեներաֆիզիկական ինստիտուտը, ավելի ուշ՝ Արտաքին առևտրի համամիութենական ակադեմիան: ԱՄՆ առաջին անգամ գործուղվել է 1981-ին՝ սկզբում ՄԱԿ-ում ԽՍՀՄ ներկայացուցչություն, հետո՝ դեսպանատուն: Մոսկվա նա վերադարձել է 1989-ին և ղեկավար պաշտոններ է ունեցել ԱԳՆ-ում, այդ թվում՝ միջազգային գիտատեխնիկական համագործակցության և անվտանգության ու զինաթափման հարցերով: 1998-ին նշանակվել է Բելգիայի դեսպան, համատեղության կարգով՝ ՌԴ մշտական ներկայացուցիչ ՆԱՏՕ-ում: Մոսկվայում հինգ տարի ԱԳ փոխնախարար աշխատելուց հետո 2008-ին նշանակվել է ՌԴ դիվանագիտության ամենակարևոր պաշտոններից մեկում՝ ՌԴ դեսպան ԱՄՆ-ում: Դա 2008-ին ԱՄՆ նախագահական ընտրությունների նախօրեին էր, երբ նախագահ ընտրվեց Բարաք Օբաման: Մայքլ Մակֆոլը, որ աշխատում էր Օբամայի վարչակարգում, իսկ հետո նշանակվեց ԱՄՆ դեսպան Մոսկվայում, Կիսլյակի մասին խոսում է իբրև արդյունքների հասնելու ունակ մարդու, հատկապես սպառազինությունների վերահսկողության հարցերում: Նա նշում է նաև «ֆանտաստիկ ճաշերը» դեսպանատանը:
«Ոմանք բողոքում են դեսպանից, բայց նրա աշխատանքը իր երկիրը ներկայացնելն է, ես կարծում եմ՝ նա ֆանտաստիլ լավ է դա անում»՝ անցած տարի նոյեմբերին ասել է Մակֆոլը՝ ներկայացնելով Կիսլյակին Ստենֆորդի համալսարանում: Երբ այնտեղ նրան հարցրին՝ ինչո՞ւ են ռուսական ԶԼՄ-ները մանրամասներով լուսաբանում ԱՄՆ նախագահական ընտրությունները, նա բացականչեց. «Որովհետև դա զվարճալի էր: Կատակում եմ»: Հունվարին դեսպանատանը կազմակերպված ճաշին ելույթ ունենալով՝ Սերգեյ Կիսլյակը հայտարարեց, որ հումորի զգացումը կորցնում է, երբ մտածում է ռուս-ամերիկյան ներկա հարաբերությունների մասին, որ սառը պատերազմի տարիներից ցածրագույն կետում են: Ռուսաստանը կտրականապես հերքել է CNN-ի ենթադրությունը, որ Կիսլյակը «տոպ-լրտես է ու լրտեսներ հավաքագրող»: ՌԴ ԱԳՆ-ն իր հայտարարությամբ այդ մեղադրանքներն անվանեց տեղեկատվական սադրանք ռուսական դիվանագիտության հասցեին: Ջեֆ Սեշնսը ասում է, որ Կիսլյակն իրեն թվաց հնաոճ դեսպան՝ սովետական տեսակի: «Մենք մի քիչ խոսեցինք ահաբեկչության մասին, որքան հիշում եմ: Ինչ-որ կերպ դուրս լողաց ՈՒկրաինայի թեման»՝ պատմել է նա: «Ինչ վերաբերում է ՈՒկրաինային, Ռուսաստանը վատ ոչինչ չի արել ոչ մի ոլորտում, բոլոր մյուսները սխալվում են (հայտարարեց Կիսլյակը): Այս մասում խոսակցությունը անխուսափելիորեն հուզական է դառնում»՝ հիշում է Ջեֆ Ստեշնսը: Իսկ Սերգեյ Կիսլյա՞կը: Նա հասկացրեց, որ հանրապետականների ու դեմոկրատների հետ իր բոլոր խոսակցությունները՝ մասնակցել են նրանք նախագահական ընտրարշավին, թե ոչ, համարում է նորմալ դիվանագիտական աշխատանք: «Մեր աշխատանքն է հասկանալ ու ճանաչել մարդկանց,- ասել է նա Ստենֆորդում:- Ես այնքան երկար եմ աշխատում ԱՄՆ-ում, որ ճանաչում եմ համարյա բոլորին»:
Հ.Գ. Ինչո՞ւ են ԱՄՆ-ում ՌԴ դեսպանի հետ հանդիպումներն ու զրույցները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմի համար դառնում հանցակազմ, երբ դա իրականում սովորական դիվանագիտական աշխատանք է: Երկկողմանի: Սերգեյ Կիսլյակը պարզապես ընտրվել է կազուս բելի՝ «պատերազմի պատրվակ», իսկ պատճառները ՌԴ-ԱՄՆ աշխարհաքաղաքական հակասություններն են, հակասությունները ԱՄՆ ներսում և, իհարկե, ՌԴ միջամտության հարցն ԱՄՆ ընտրություններին, որ նույնպես խնդիր է դարձել ԱՄՆ ներքաղաքական հակասությունների պատճառով: ԱՄՆ-ը տարաձայնություններ ունի նաև ԵՄ-ի հետ, բայց ոչ մի եվրոպացի դեսպանի հետ ԱՄՆ-ի աշխատակազմի ներկայացուցիչների հանդիպումները հրաժարականի ու հետաքննության պատճառ չեն դառնում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ